Նորություններ

11.10.2015

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին մեծարել են նաև Դավթաշենի հ.192 դպրոցում

Դավթաշեն վարչական շրջանում գործող հ. 192 հիմնական դպրոցում կազմակերպվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 58-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում: Հուշ-ցերեկույթին մասնակցել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, Մոնթեի մարտական ընկերները և այլոք: Ներկայացվել են դրվագներ հերոսի կենսագրությունից, պատառիկներ նրա անցած մարտական ուղուց:

Միջոցառման հիմնական նպատակը կյանքը Հայրենիքին զոհաբերած Մոնթեի նման հերոսների օրինակով մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելը, ինչպես նաև մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերին ծանոթացնելն է: Մոնթե Մելքոնյանը Արցախի ազատագրական շարժմանը մասնակցել է 1991 թվականից: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել նաև Քարվաճառը: Մոնթե Մելքոնյանը հերոսաբար ընկել է թշնամու դավադիր գնդակից`1993թ. հունիսի 12-ին:

 

01.09.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի առաջին դասարանցիներին

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մայրաքաղաքի բոլոր դպրոցներում տոնական միջոցառումներով ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Առաջին դասարանցիներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու, բազմաթիվ ծնողների հետ միասին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց էին այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կրթօջախն իր դռներն է բացել 206 առաջին դասարանցիների առջև, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու՝ ստանալով նաև հայեցի ու հայրենանվեր դաստիարակություն: Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումը դիտելուց հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև դասասենյակներում, զրուցել փոքրիկների հետ, շնորհավորել նրանց՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

 

01.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժնե՛ր, հարգելի՛ ծնողներ, ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ` սեպտեմբերյան այս գեղեցիկ տոնի առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս: Սեպտեմբերի 1-ը՝ որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, իր ուրույն խորհուրդն ունի: Տոնական տրամադրությունը, որն իշխում է այսօր մեր քաղաքում, թող որ պահպանվի ձեր հոգիներում ուսումնառության ողջ ընթացքում, մղի ձեզ իմացության հանդեպ խոր հետաքրքրության ու ձգտումների:
Գիտելիքը բարձր արժեք է: Մեր ժամանակներում բանիմաց, զարգացած անհատը դառնում է նաև հասարակության շարժիչ ուժ և ժամանակի վրա թողնում իր կենարար ներգործությունը:
Կրկին շնորհավորելով Գիտության և դպրության օրվա առթիվ՝ նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիդ, ցանկանում ուժ ու եռանդ:

11.02.2015

2014-2015 ուսումնական տարում «Երևանի Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում բացվեց խոհանոց-դասասենյակ

2014-2015 ուսումնական տարում հ. 8 հատուկ կրթահամալիրում ի շնորհիվ Հայաստան Համահայկական հիմնադրամի ստեղծվեց խոհանոց-դասասենյակ, որտեղ անց է կացվում խոհարարական գործի ուսուցում: Այստեղ կրթահամալիրի, ինչպես նաև այլ դպրոցների ավագ դասարանների աշակերտները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հնարավորություն ունեն սովորելու խոհարարական հմտություններ, գործնականում կիրառելու ստացած գիտելիքները՝ ձեռք բերելով նախամասնագիտական կարողություններ: Խոհարարական արվեստն և խոհարարական վարպետությունն ապագայում հիմք կհանդիսանան սաների մասնագիտական կողմոնրոշման համար:

22.12.2014

«Երեխաների զարգացման անկյուն» է բացվել Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում

Երևանի համայնքային ենթակայության Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում բացվել է «Երեխաների զարգացման անկյուններ»։ Երևանի քաղաքապետարանի «Մանկական զարգացման հիմնադրամի», «Beeline» ընկերության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրի նպատակը ներառական կրթության ապահովումն ու զարգացումն է։

«Երեխաների զարգացման անկյունները» նախատեսված են ներառական կրթություն ստացող երեխաների վարքային, տրամաբանության, մտավոր զարգացման համար։

«Այս ձեռնարկումը համայք-մասնավոր համագործակցության հերթական ծրագիրն է, որն այս անգամ իրականացվում է նաև հասարակական կազմակերպության հետ, և հուսով ենք՝ շարունակական է լինելու։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը, քանի որ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին, մեր առաջնահերթություններից է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

08.09.2012

Օգնիր դպրոցիդ և Օգնիր մանկապարտեզիդ կայքերի նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը

Օգնիր դպրոցիդ և Օգնիր մանկապարտեզիդ կայքերի նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 668765346.50 հազար դրամ: Գումարը նվիրաբերել են 1700 անհատներ և կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն և 53 դպրոցին 10 մլն դրամ: Օգնիր մանկապարտեզիդ կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 9187 մարդկանց և կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 444253046 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երևանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով, 67 մլն 340 հազարը` 147 և 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հաշվեհամարին: