Նորություններ

16.11.2016

Մայրաքաղաքի համար 147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձի օրը նրա անվամբ դասասենյակ անվանակոչվելու «Գիտակցված մահն անմահություն է» խորագրով հիշատակի ցերեկույթին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը երախտիքի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին՝ հատկանշելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու այն պարտքի գիտակցումը, որը հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին ավելի ճանաչելի է դարձնում արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու նրանց գործը շարունակող մերօրյա հերոսներին, որոնցից մեկն էլ կյանքը հայրենիքին նվիրաբերած Ռոբերտ Աբաջյանն էր: Դավիթ Օհանյանը տոկունություն է մաղթել Ռոբերտի ծնողներին և հարազատներին` վստահեցնելով, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում այսուհետ ևս սատարելու են հերոսաբար ընկած զինվորների ընտանիքներին`նրանց հոգսը հնարավորին թեթևացնելու համար: 

Հիշատակի ցերեկույթին մասնակցել են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում ռազմահայրենասիրական երգերով ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ սպայի տան «Զորական» երգի համույթը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վերհիշել են Ռոբերտ Աբաջյանի դպրոցական առօրյայի դրվագներ, ինչպես նաև գրական ակնարկ է ներկայացվել Ռոբերտի և նրա ծառայակից ընկերների`ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մղած հերոսական մարտից: Ռոբերտ Աբաջյանի կրտսեր սերնդակիցները երդվել են վառ պահել նրա հիշատակը և անհրաժեշտության դեպքում անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակի բացման պատիվը վերապահվել է Ռոբերտ Աբաջյանի հորը` Ալեքսան Աբաջյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ով սեփական միջոցներով իրականացրել է դասասենյակի նորոգումը: Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակում ներկաները ծաղիկներ են խոնարհել նրա անկյունին, դիտել մերօրյա հերոսի կյանքի մասին պատմող ցուցադրություն:

06.10.2016

Դասասենյակ` հերոս Սասուն Մկրտչյանի անունով

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվել է դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ: Կրթօջախի աշակերտները ներկայացրել են Սասուն Մկրտչյանի կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը: Հուշ-ցերեկույթն ուղեկցվել է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ու հայրենասիրական երգերով: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի ծնողները, հարազատները, զինակից ընկերներն ու դասընկերները, բազմաթիվ հյուրեր:

 

30.09.2016

Երևանի քաղաքապետարանի համար 132 հիմնական դպրոցում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մայոր Հայկ Թորոյանի անվան դասարան

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության թիվ 132 դպրոցում մասնակցել է կրթօջախի սան, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Հայկ Թորոյանի անունը կրող դասասենյակի բացման արարողությանը: 

Դավիթ Օհանյանը իր երախտիքի ու հարգանքի խոսքն է հղել հերոսի ծնողներին` հատկապես նշելով Հայկ Թորոյանի ու մեր մյուս հերոսների սխրագործություննները, որոնց շնորհիվ թշնամին հետ շպրտվեց, ցավոք` նաև մեր հերոսների կյանքի գնով: 
Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, հերոսի մարտական ընկերները, դասղեկն ու համադասարանցիները: Դպրոցի տնօրեն Վիկտորյա Սուքիասյանը համոզմունք է հայտնել, որ այս դասարանը խոնարհումի յուրօրինակ վայր կդառնա կրթօջախի սաների համար` հայրենասիրություն սերմանելով գալիք սերունդներին: 
Մայոր Հայկ Թորոյանը հերոսի մահով զոհվել է Մատաղիսում` թշնամու դեմ մղած անհավասար պայքարում: Հայկ Թորոյանի հայրն էլ երախտագիտություն է հայտնել քաղաքային իշխանություններին` մշտական աջակցության ու հոգատարության համար:

 

03.05.2016

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները պարգևատրվել են

2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 45 աշակերտներ պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։

Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև Ֆիզմաթ, «Քվանթ», Մ. Մելքոնյանի անվան վարժարանների, Ա. Շիրակացի ճեմարանի, Մ.Մաշտոցի անվան և «ԱՅԲ» կրթահամալիրների սաներն են։

Շնորհավորելով պարգևատրվողներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ գիտելիքների նման ստուգատեսներում հաջողություն ունենալն իսկապես կարևոր ու պատվաբեր է։ 
«Շնորհավորում եմ բոլորիդ օլիմպիադաներում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Երեխաների առաջընթացն ու ոգևորվածությունը արդյունք են ուսուցիչների աշխատանքի, ովքեր իրենց գործում ջանք ու եռանդ չխնայելով՝ ներդրում են ունեցել երեխաների հաղթանակներում: Սիրելի՛ աշակերտներ, ձեր ձեռքբերումները կարևոր են ոչ միայն մեր քաղաքի, այլև մեր երկրի զարգացման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։

16 առարկաներից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլին մասնակցել է 2186 աշակերտ: 
Քաղաքային փուլի արդյունքներով Երևանի քաղաքապետարանի կողմից երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների է արժանացել համապատասխանաբար 112 և 158 աշակերտ:
Նշենք նաև, որ քաղաքային փուլը հաջողությամբ հաղթահարած 435 աշակերտ էլ մասնակցում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին:

31.03.2016

Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին

 Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլի արդյունքները: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

 Շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 175 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 10-ը: 
 Մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են 74 հիմնական և 119 ավագ դպրոցների թիմերը: 
  Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
 Դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մյուս կրթօջախներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: 
 Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն, ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

19.02.2016

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 

Շնորհավորելով աշակերտներին՝ Երևանի քաղաքապետն էլ, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, նաև գոհունակությամբ արձանագրել է, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների` այսօր ունենք հայեցի ու հայրենասեր դաստիարակված սերունդ: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին երեխաներին է նվիրել Երևանի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ: 
Քաղաքապետարան այցելած դպրոցականները գրքեր են նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին: Ի դեպ, աշակերտները նույն առաքելությամբ հանդիպել են նաև ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի, Հերմինե Նաղդալյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: