Նորություններ

15.05.2017

Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի երևանյան փուլը

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի երևանյան փուլը:

Ապրիլի 1-ին մեկնարկած մրցույթին մասնակցել է նախապես որոշակի չափորոշիչներով ընտրված 18 ուսուցիչ` Երևանի 16 դպրոցներից: Լավագույններին ընտրելու համար շուրջ մեկ ամիս կազմակերպվել են կլոր սեղան-հանդիպումներ, բաց դասեր և այդ ուսուցիչների կողմից ընտրված թեմատիկ դասեր: Գնահատող հանձնողովում ընգրկված են եղել Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի քաղաքային փուլի հաղթողների անունները կհրապարակվեն ուսուցչի օրվա նախօրեին:

03.05.2017

Դիպլոմներ՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը: Բարձր արդյունք ցուցաբերած 74 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով։ 4 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է կրկնակի, իսկ մեկ աշակերտ` քառակի դիպլոմի: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանթ» վարժարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի սաներն են։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ աշակերտները լիովին պատրաստ են հանդես գալու միջազգային տարբեր օլիմպիադաներում:
«Շնորհավորում եմ բոլորին առարկայական օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այս տաղանդավոր երեխաներն իսկապես պատիվ են բերում մեր երկրին ու, իհարկե, նաև քաղաքամայր Երևանին: Գրանցած ձեռքբերումներն, անշուշտ, մանկավարժների աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ աշակերտներն այսօր հպարտությամբ կանգնած են այստեղ», - նշել է Արամ Սուքիասյանը:
Նշենք, որ 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2356 աշակերտ, որոնցից դիպլոմների են արժանացել 417-ը, որոնցից 2-րդ կարգի՝ 116, իսկ 3-րդ կարգի՝ 227 աշակերտ: 
Իսկ քաղաքային փուլի մասնակից աշակերտներից 595-ը մասնակցում են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:

27.04.2017

Երևանի համար 147 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում:

«Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու հասարակության համար դարձել են նվիրյալներ»,- նշել են միջոցառման մասնակիցներն ու նկատել, որ Ռոբերտ Աբաջյանով այսօր հպարտ է ոչ միայն նրա հարազատ կրթօջախը, այլև ողջ հայությունը: 

Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արցախի հերոսի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կրթօջախի բակում Աբաջյանների ընտանիքի կողմից տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: 
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս նախաձեռնությունը քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ է: 
«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նման վերաբերմունք արտահայտել բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, կռիվ են տվել հանուն հայրենիքի պաշտպանության: Այս քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և ինչպես այսօրվա աշակերտները, այնպես էլ եկող սերունդը, հաճախելով այս կրթօջախ, կիմանան, թե ինչ հերոսներ են սովորել այստեղ ու, վստահ եմ, հայրենասիրության իրենց պատկերացումները կգտնեն հենց Ռոբերտ Աբաջյան հերոսի մեջ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ավագանու բոլոր անդամներին, որ մեր առաջարկը միաձայն ընդունեցին: Մենք շարունակելու ենք մեր մշտական ուշադրության ու հոգածության ներքո պահել պատերազմում զոհված բոլոր այն հայորդիների ընտանիքներին, ովքեր նման առյուծ երիտասարդներ են լույս աշխարհ բերել: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հերոսներ ու թեև նրանք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հավերժ օրինակ են մեր մատաղ սերնդին դաստիարակելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:

24.03.2017

Մայրաքաղաքի հանրակրթական երկու դպրոցներում բացվել են ռեսուրսային դասասենյակներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող հիմնական դպրոցներում շարունակվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար նախատեսված ծրագրերը: 

Մայրաքաղաքի համար 163 հիմնական դպրոցում բացվել է աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ռեսուրսային դասասենյակ: Ծրագրի նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել և մասնակից դարձնել կրթական ընդհանուր գործընթացին: Դասասենյակները վերակառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Դասարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով և զարգացնող խաղերով:
Դասասենյակը ծառայելու է ոչ միայն 163 դպրոցի, այլև ներառական կրթություն իրականացնող հարակից դպրոցներում սովորող և դպրոց ընդունվել պատրաստվող երեխաների համար:
Նմանօրինակ ռեսուրսային դասասենյակ է բացվել նաև մայրաքաղաքի համար 126 հիմնական դպրոցում, որտեղ հաճախելու է 30 երեխա:
Երեխաների Զարգացման միջազգային կենտրոնի հետ իրականացվող ծրագիրը կյանքի է կոչվել «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում՝ մի շարք կազմակերպությունների աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյաը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ներառական կրթությանն ուղղված նախաձեռնությունները հնարավոր են դառնում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ մշտական համագործակցության շնորհիվ:
«Այսօր արդեն մայրաքաղաքի թվով 54 հիմնական դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, ինչը մեզ համար շատ կարևոր գործընթաց է և որի ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Նշված դասասենյակների ստեղծման այս ծրագրի շնորհիվ տասնյակ երեխաների համար կբացվեն ներառական կրթության համակարգ ինտեգրման նոր դռներ, որոնք, վստահաբար, կարդարացնեն իրենց և կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

15.03.2017

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես կրթական տարբեր ծրագրերով փոխգործակցությունը, այնպես էլ Երևանի և Ստեփանակերտի աշակերտների միջև ձևավորվող ընկերությունը:
Ստեփանակերտի 13 դպրոցների լավագույն առաջադիմությամբ 31 աշակերտները մասնակցել են նաև կազմակերպված չարենցյան թեմայով վիկտորինային և ստացել խորհրդանշական նվերներ:
Պատմելով իրենց տպավորությունների մասին՝ արցախցի դպրոցականները նշել են, որ տպավորված են այցից, Երևանի պատմամշակութային վայրեր այցելություններից և իրենց հետ կտանեն միայն լավ հիշողություններ:

29.12.2016

Երևանցի դպրոցականների Ամանորի նամակները՝ սահմանամերձ գոտիների զինվորներին և տեղի դպրոցականներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց իսկ նախաձեռնությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող զինվորներին և տեղի հասակակից երեխաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական նամակներ են ուղարկել: 

Դպրոցականները նամակները պատրաստել և ձևավորել են իրենց ձեռքերով: Նամակում նրանք պատմել են իրենց մասին՝ շնորհավորելով գալիք Ամանորն ու մաղթել զինվորներին խաղաղ ծառայություն:
Ընդհանուր առմամբ 25 հազար նամակ-բացիկներ են հասցեագրվել պետական սահմաններն ու երկրի խաղաղությունը հսկող և պահպանող զինվորներին, այդ թվում՝ դեպի Արցախ: Բացի այդ, աշակերտները նաև գրքեր են ուղարկել սահմանային զորամասեր՝ համալրելու տեղի գրադարանները:  Ավելի քան15 հազար նամակ էլ ուղղվել է սահմանամերձ դպրոցների հասակակից երեխաներին: