Նորություններ

03.04.2018

Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին ու ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունը:
Հրաձգարանի բացմամբ դպրոցականները հնարավորություն կստանան այստեղ անցկացնել ռազմագիտության դասաժամերի որոշ մասը: Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան այստեղ կատարելագործելու կրակային պատրաստության իրենց գիտելիքները:

 

12.02.2018

Ինտերակտիվ ուսուցման դասասենյակ՝ Երևանի Պեյո Յավորովի անվան դպրոցում

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց: Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող և հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետ ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը: 

Հարկ է նշել, որ հիմնանորոգված, կահավորված և նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ: Կարևորելով նման դասասենյակի առկայությունը՝ պատասխանատուները նշել են, որ այն հնարավորություն կընձեռի կրթօջախի սաների համար ձևավորելու ժամանակակից կրթական միջավայր: Այցի ավարտին Ռումեն Ռադևը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

24.01.2018

Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 դպրոցը նշել է հիմնադրման 80-ամյա հոբելյանը

Մայրաքաղաքի Վլադիմիր Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ Երևանի պետական կամերային թատրոնում կազմակերպվել է կրթօջախի հոբելյանին նվիրված միջոցառում:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի ուսուցչական անձնակազմն ու աշակերտները ներկայացրել են դպրոցի 80-ամյա պատմությունը, անցած ուղին, հաջողություններն ու այս տարիների ձեռքբերումները:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ՌԴ և Վրաստանի դեսպանության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ հյուրեր, Երևանի ավագանու անդամ, դպրոցի շրջանավարտ Արա Երնջակյանը, ինչպես նաև դպրոցի այլ շրջանավարտներ, ովքեր մշակույթի, հեռուստատեսության և մի շարք այլ բնագավառներում մասնագիտական հաջողությունների հասնելով, իրենց ներդրումն են ունեցել դպրոցի զարգացման գործում:
Շնորհավորելով դպրոցի ուսուցչական անձնակազմին և աշակերտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է կրթօջախի ուրույն դերը սերունդների կրթության և դաստիարակության գործում և մաղթել դպրոցին նորանոր հաջողություններ:
Միջոցառման ավարտին դպրոցի 80-ամյա հոբելյանի առիթով սովորողների կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոցի մանկավարժն

20.12.2017

Երևանի Ս. Գևորգյանի անվան հ. 189 դպրոցը նշել է 30-ամյա հոբելյանը

Մայրաքաղաքի Սամվել Գևորգյանի անվան հ. 189 ավագ դպրոցը նշել է հիմնադրման 30-ամյակը: Դպրոցի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պագամավոր, Սամվել Գևորգյանի որդի Արթուր Գևորգյանը, պաշտոնատար այլ հյուրեր, դպրոցի շրջանավարտներ, ուսուցիչներ:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի ուսուցչական անձնակազմն ու աշակերտները ներկայացրել են դպրոցի 30-ամյա պատմությունը, անցած ուղին, հաջողություններն ու այս տարիների ձեռքբերումները:

08.12.2017

Նշվել է Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակի հանդիսավոր արարողությանը: Հանդիսությանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցի բակում բացվել է կրթօջախի անվանակրի՝ հայ նշանավոր գրող Ստեփան Զորյանի հուշատախտակը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են կրթօջախի անցած ուղին, տարբեր տարիներին դպրոցում դասավանդած վաստակաշատ մանկավարժների գործունեությունը, անդրադարձել դպրոցի վարկանիշը մշտապես բարձր պահած շրջանավարտների հաջողություններին: 
Ըստ օրվա խորհրդի և դպրոցի հոբելյանի առթիվ դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը և մի շարք ուսուցիչներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

25.11.2017

Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցի և Մարսելի «Համազգային» դպրոցի միջև ստորագրվել է հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին և հետևել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը: 
Ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը`  տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական և մշակութային ասոցիացիայի կողմից, ֆրանս-հայկական կրթական բազայի հիման վրա: Սկզբում ունենալով միայն նախադպրոցական խումբ`  կրթօջախը տարեցտարի ընդլայնվել ու ստեղծել է տարրական դպրոց, որն արդեն 1987 թվականից սկսել է գործել որպես հիմնական դպրոց: Սեդա Բիբերյանը նաև ընդգծել է, որ «Համազգային»-ը Ֆրանսիայում գործող միակ դպրոցն է, որտեղ ուսուցանվում է նաև հայերեն: Նշվել է, որ դպրոցն այսօր ունի շուրջ 350 աշակերտ և 44 ուսուցիչ, որոնցից 5-ը հայեր են:
Շնորհակալություն հայտնելով Սեդա Բիբերյանին՝ դպրոցն ու կազմակերպվող կրթական գործընթացը ներկայացնելու համար, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է այն դերն ու նշանակությունը, որ ունի այս կրթօջախը հայապահպանության գործում և, առիթն օգտագործելով, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու կրթօջախին՝  ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների փոխանակման հարցում: 
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և «Համազգային» դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցը և Մարսելի «Համազգային» դպրոցը պարտավորվել են խրախուսել երկու դպրոցների միջև աշակերտների փոխանակումը, ուսուցիչների և աշակերտների միջև էլեկտրոնային հաղորդակցումը, համատեղ քննարկումների և սեմինարների կազմակերպումը, կնպաստեն փոխադարձ վերապատրաստումների կազմակերպմանը և կփոխանակվեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ: