Նորություններ

27.04.2018

Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում

Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տաղանդաշատ սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում: Այցի շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել մշակութային օջախի կամերային նվագախումբը: Տարբեր երկրներում բազմաթիվ հյուրախաղեր ունեցած արվեստի դպրոցի լավագույն աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել նաև այս համերգին: Նրանց խոսքով՝ Արցախի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը հոգու պարտք էր: 

13.04.2018

Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան` «ԳՈՅ» թատրոնի բեմում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում շարունակում են հանդես գալ մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով:
Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի թատերարվեստի դասարանի սաները առաջին անգամ «ԳՈՅ» թատրոնի բեմում ներկայացրել են ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Սկապենի արարքները» գործը: Թատերական պրեմիերան կայացել է շուրջ 2 ամսվա նախապատրաստությունից հետո:
Ներկայացմանը հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը:
Ներկայացման ավարտին շնորհավորելով դպրոցին` Արամ Սուքիասյանն իր հիացմունքն է հայտնել բեմականացումից և պատանի դերասանների խաղից: 
«Ներկայացումը դիտելուց հետո վստահաբար կարող եմ ասել, որ թատերարվեստում ևս մեկ հետաքրքիր հայտ ներկայացվեց: Ուրախ եմ տեսնել, որ պատանիներն այս կերպ են ընկալում և ներկայացնում Մոլիեր: Ուրախ եմ նաև, որ ֆրանկոֆոնիայի օրերը հնարավորություն են տալիս գանդես գալու նոր մտահղացումներով, և հրաշալի կլիներ, եթե հաջողված այս բեմադրությունը հնարավոր լիներ ներկայացնել ավելի պատասխանատու բեմերում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Հանդիսատեսը Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներին ճանապարհել է անդադար ծափողջույններով և կրկին բեմում տեսնելու ցանկությամբ:

12.04.2018

Հերթական միջոցառումը ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում՝ Երևանի Սիամանթոյի անվան դպրոցում

Մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հերթական միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոցում: Աշակերտները հանդես են եկել ֆրանսիական ստեղծագործությունների կատարմամբ՝ երգել են, պարել, արտասանել՝ արժանանալով ներկաների հիացական վերաբերմունքին և ծափերին:
Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:

09.04.2018

Գեղեցիկ թատերական ներկայացում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում հանդիսատեսի դատին է հանձնվել «Պեղողները» խորագրով ֆրանսերեն թատերական ներկայացումը: Դերերում հանդես են եկել դպրոցի շնորհալի աշակերտները: Բեմադրությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Միջոցառման ընթացքում դպրոցի նախասրահում աշակերտները մեծ կտավի վրա նկարել են Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը խորհրդանշող պատկերներ:
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք դպրոցներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:

 

05.04.2018

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հերթական միջոցառումը՝ Երևանի հ. 154 հիմնական դպրոցում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 154 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Փարիզը՝ ոգեշնչման քաղաք» խորագրով ցերեկույթ: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսներին ֆրանսերենով ներկայացրել են փարիզյան պատմություններ, մի շարք հանրահայտ ֆրանսիացիների կյանքի դրվագներ, ինչպես նաև ֆրանսիական երաժշտական համարներ:

Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հետաքրքրական միջոցառումներ են կազմակերպվում Երևանի տարբեր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ կամ երրորդ օտար լեզու:

04.04.2018

Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի ստեղծագործությունները, ներկայացրել դրվագներ նրա կյանքից: Ցերեկույթն անցկացվել է զուգահեռաբար հայերեն և ֆրանսերեն:

Նշենք, որ Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոցում ֆրանսերենն ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու:
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ: