Նորություններ

13.06.2018

Շուրջ 10000 դպրոցական պայուսակներ՝ մանկապարտեզն ավարտող երեխաներին

Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասական բոլոր երեխաները ստանում են պայուսակներ և գրենական պիտույքներ: Շուրջ 10000 պայուսակներ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով, արդեն իսկ դասավորվել ու փոխանցվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժիններին: Սույն առաքելությունն, ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ:

Հավելենք նաև, որ մի քանի օրից երեխաներն արդեն կստանան իրենց դպրոցական առաջին նվերները՝ մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ժամանակ:

25.05.2018

Վերջին դասը մշակութային ինքնատիպ ծրագրով են անցկացրել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, 12-րդ ավարտական դասարանի աշակերտների վերջին զանգի միջոցառումն ուղեկցվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Գեղանկարչական և այլ լուծումներով աշակերտները ներկայացրել են մայրաքաղաքն իրենց պատկերացմամբ՝ Երևանի գլխավոր խորհրդանիշի շուրջ: 
Ցուցահանդեսին ծանոթացել և կոջոյանցիների ավարտական հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Վերջին դասի գլխավոր միջոցառմանը աշակերտները հանդես են եկել մշակութային հետաքրքիր ծրագրով՝ վերհիշելով դպրոցական տարիներն ու ընդգծելով ուսուցիչների ուրույն դերն իրենց կյանքում: Ավանդույթի համաձայն՝ արդեն երիտասարդ արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ զանգերը պատրաստել էին սեփական ձեռքերով: 
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով շրջանավարտներին ու փոխանցելով բարեմաղթանքները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է կրթահամալիրի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Օրեր անց, երբ հնարավորություն կունենաք վերընթերցելու Երևանի քաղաքապետի ձեզ ուղղված ուղերձը, կցանկանայի, որ վերլուծեք և այն դարձնեք ձեր քաղաքացիական կենսագրության բաղկացուցիչը: Սիրելի շրջանավարտներ և հարգելի մանկավարժներ, սրտանց շնորհավորում եմ օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում մեր մայրաքաղաքին նման սերունդ հանձնելու համար», - նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Աշակերտներն իրենց հերթին նկատել են, որ մասնագիտական ինչ ուղի էլ ընտրեն, շարունակելու են ուրույն նպաստ բերել՝ 2800-ամյա քաղաքամայր Երևանի զարգացման և հզորացման գործում:

25.05.2018

Մայրաքաղաքում վաղ առավոտյան մեկնարկել են «Վերջին զանգի» միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական տոնական միջոցառումներ, որոնք մեկնարկել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ «Վերջին զանգի» միջոցառումներին ներկա են եղել քաղաքապետի տեղակալները:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այցելել է Երևանի Ալ. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառմանը: Քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ նա շնորհավորել է շրջանավարտներին այս հիշարժան օրվա կապակցությամբ և նրանց բարի երթ մաղթել:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա էր քաղաքապետարանի ենթակայության Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների վերջին դասին: Միջոցառման ավարտին քաղաքապետի տեղակալը սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի շնորհակալագիր է հանձնել կրթօջախի արդեն նախկին տնօրեն Հռիփսիմե Դավթյանին, ով, տարիքային սահմանափակման գործոնով պայմանավորված, վայր է դրել տնօրենի լիազորությունները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ այցելել է քաղաքապետարանի ենթակայության հ.181 հիմնական դպրոց և ներկա գտնվել վերջին դասին:
Նշենք, որ վերջին զանգի միջոցառումներ են տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 12 կրթօջախներում և 143 հիմնական դպրոցներում:

23.05.2018

Ամփոփվել են Ֆրանկոֆոնիայի օրերը մայրաքաղաքի կրթական հաստատություններում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մայրաքաղաքի կրթական հաստատություններում անց էին կացվում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: «Մի՛ դիպչիր իմ մոլորակին» խորագիրը կրող ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության  Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Ամփոփիչ միջոցառման շրջանակում հ. 78 հիմնական դպրոցում ստեղծվել էր ֆրանկոֆոն երկրների մշակույթին համապատասխան միջավայր: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները հյուրերին ողջունել են դպրոցի մուտքի մոտ՝ գեղեցիկ և ինքնատիպ պարերով ու բարձր տրամադրությամբ: Այնուհետև այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու տաղանդավոր աշակերտների՝ միջոցառման համանուն խորագրով նկարչական ցուցահանդեսը, իսկ վերջում տեղի է ունեցել ամփոփիչ համերգային ծրագիրը՝ ֆրանկոֆոն երկրների  ուրախ երգերով ու պարերով, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների  հայտնի գրողների ստեղծագործություններով:

27.04.2018

Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում

Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տաղանդաշատ սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում: Այցի շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել մշակութային օջախի կամերային նվագախումբը: Տարբեր երկրներում բազմաթիվ հյուրախաղեր ունեցած արվեստի դպրոցի լավագույն աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել նաև այս համերգին: Նրանց խոսքով՝ Արցախի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը հոգու պարտք էր: 

13.04.2018

Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան` «ԳՈՅ» թատրոնի բեմում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում շարունակում են հանդես գալ մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով:
Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի թատերարվեստի դասարանի սաները առաջին անգամ «ԳՈՅ» թատրոնի բեմում ներկայացրել են ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Սկապենի արարքները» գործը: Թատերական պրեմիերան կայացել է շուրջ 2 ամսվա նախապատրաստությունից հետո:
Ներկայացմանը հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը:
Ներկայացման ավարտին շնորհավորելով դպրոցին` Արամ Սուքիասյանն իր հիացմունքն է հայտնել բեմականացումից և պատանի դերասանների խաղից: 
«Ներկայացումը դիտելուց հետո վստահաբար կարող եմ ասել, որ թատերարվեստում ևս մեկ հետաքրքիր հայտ ներկայացվեց: Ուրախ եմ տեսնել, որ պատանիներն այս կերպ են ընկալում և ներկայացնում Մոլիեր: Ուրախ եմ նաև, որ ֆրանկոֆոնիայի օրերը հնարավորություն են տալիս գանդես գալու նոր մտահղացումներով, և հրաշալի կլիներ, եթե հաջողված այս բեմադրությունը հնարավոր լիներ ներկայացնել ավելի պատասխանատու բեմերում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Հանդիսատեսը Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներին ճանապարհել է անդադար ծափողջույններով և կրկին բեմում տեսնելու ցանկությամբ: