Նորություններ

16.11.2017

Երևանում հյուրընկալել են Սանկտ Պետերբուրգից ժամանած աշակերտներին

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի հ. 619 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են Երևան՝ ծանոթանալու մայրաքաղաքի պատմությանը և մշակութային կյանքին:

Երևան քաղաքի պատմության թանգարանում նրանց ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: 

Երևան քաղաքի պատմության թանգարանում հյուրերը ծանոթացել են մայրաքաղաքի դարավոր պատմությանն ու մշակույթին, ապա անակնկալ մատուցել հյուրընկալող կողմին՝ երգելով Երևանի հիմնը: Այնուհետև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ սանկտպետերբուրգցի աշակերտները և ուսուցիչները «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով զբոսնել են մայրաքաղաքի փողոցներով:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերը Երևանում կհյուրընկալվեն մինչև նոյեմբերի 20-ը: Այդ ժամանակահատվածում նրանք կծանոթանան մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին, կայցելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան, ինչպես նաև Երևանի Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի իրենց հասակակից հայ աշակերտների հետ կմասնակցեն համատեղ դասերի:

27.10.2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 դպրոցը 50 տարեկան է

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհավորել, բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ է մաղթել կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին ու շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթներն այս դպրոցում շարունակական կլինեն:
Տոնական միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով, դպրոցի երգչախմբի կատարումներով, կրթօջախի առօրյայի մասին պատմող տեսանյութերով ու շնորհավորական ուղերձներով: Դպրոցի կեսդարյա հոբելյանի առիթով մի շարք ուսուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

05.10.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների ու մասնավոր կրթօջախների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին: 

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, նկատելով, որ վերջիններիս ամենօրյա աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի հայեցի դաստիարակությունն ու հետևաբար` մեր երկրի ապագան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել ոլորտում դեռևս առկա խնդիրների լուծման ու մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ: 
Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված ընդունելության շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար կրթական համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

01.09.2017

Սեպտեմբերի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք: Բոլոր միջոցառումները մեկնարկել են Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Գևորգ Չաուշի անվան 188 դպրոցում նոր ուսումնական տարվա բացման առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Կամո Արեյանը փոխանցել է քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոց՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր, շնորհավորել անձնակազմին և ընդգծել կրթօջախի կարևոր դերն ու առաքելությունը:
Հակոբ Օշականի անվան համար 172 դպրոց են այցելել և աշակերտական ու մանկավարժական անձնակազմերին շնորհավորել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը: 
Գիտելիքի օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 181 դպրոցի առաջին զանգի միջոցառմանն ու շնորհավորելով դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում:
Մայրաքաղաքի համար 174 հիմնական դպրոց է այցելել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և փոխանցել օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքները:
Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո ուսուցիչներն առաջինցիներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել 2017-2018 թվականների ուսումնական տարվա առաջին դասը:

16.08.2017

Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը

Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Դասագրքերը կենտրոնացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 և Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման դպրոցներ և տեղում ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ նոր ուսումնական տարին բոլոր աշակերտներն առանց բացառության կսկսեն նոր գրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի:
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն, այդ թվում` դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Ընդ որում, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար:

19.06.2017

365 երեխաներ մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ

Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 365 երեխաներ, ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներ: 
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի վարչական շրջաններից յուրաքանչյուրը հենց տեղերից է կազմակերպել երեխաների հանգստի մեկնումը՝ ապահովելով հարմարավետ ավտոբուսներով նրանց փոխադրումը: Առավոտյան երեխաներին ճանապարհելու էին եկել նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, վարչական շրջանների ղեկավարները, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Պատասխանատուները նշել են, որ մարզաառողջարանային 5 ճամբարները, որտեղ երեք հերթափոխով իրենց հանգիստը կանցկացնեն երեխաները, ապահովված են ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: Նաև վստահեցրել են, որ տեղերում երեխաները գտնվելու են մշտական հոգածության և ուշադրության ներքո: Մինչ երեխաների մեկնելը նրանց բաժանվել են նաև մարզական գույք ու մարզահագուստ:
Առաջին հերթափոխի ճամբարականները կվերադառնան հուլիսի 9-ին: Ի դեպ, ինչպես մեկնման, այնպես էլ վերադարձի ժամանակ, երեխաների անվտանգ փոխադրման նպատակով, բոլոր ավտոբուսների ուղեկցումը կապահովի Ճանապարհային ոստիկանությունը: 
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն ճամբարներ՝ ծանոթանալու իրենց հանգիստն անցկացնող երեխաների առօրյային: